Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ընդառաջելով Արցախի Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի առաջարկին, հոկտեմբերի 3-ին հրավիրել է ԱՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` բարձրաստիճան մի խումբ պաշտոնյաների, խորհրդարանական բոլոր ուժերի ներկայացուցիչների և ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդի մասնակցությամբ:
Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված ռազմաքաղաքական վերջին զարգացումները։
- Ադրբեջանը բոլոր լծակների կիրառմամբ ձգտում է ապահովել ոչ միայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբերություններում իր ճնշող և թելադրող դիրքը, այլև՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ցանկացած ձևաչափի ու ջանքերի վիժեցումը՝ հայտարարելով, որ ինքը պատերազմով լուծել է այդ հիմնախնդիրը: Դրան հակառակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները և միջազգային այլ դերակատարներ տարբեր ձևակերպումներով վերահաստատել են հակամարտության գոյությունը և դրա համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը:
- Արցախի Հանրապետության դիրքորոշումը միշտ հստակ է եղել, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և դրա իրացման արդյունքների լրիվ ու անսակարկելի ճանաչման հիման վրա:
- Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը, չնայած վերջին ամիսների լրացուցիչ մարտահրավերներին, շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության գլխավոր միջազգային երաշխիքը: Այս համատեքստում չափազանց վտանգավոր ենք համարում բնական դաշնակիցների հետ ավանդական հարաբերությունների վատթարացման փորձերը:
- Մենք ընկալում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը միտված միջպետական պայմանագրի հնարավոր ստորագրումը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան ու անվտանգ ապագայի և տարածաշրջանային կայունության ու խաղաղության երաշխավորման համար կարևոր հիմք: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այդ հարաբերություններում հայ ժողովրդի անտրոհելի մասի՝ արցախահայության շահերի անխուսափելի առկայությունն ու կարևորությունը՝ ընդգծում ենք, որ մեզ համար անընդունելի է որևէ փաստաթուղթ, որը կարող է անտեսել ղարաբաղյան հակամարտության գոյությունը։
- Համազգային արժեքներն ու շահերը ենթադրում են, որ անկախ ամեն ինչից՝ Մայր Հայաստանը պետք է մշտապես լինի Արցախի կողքին բոլոր ուղղություններով, հատկապես՝ Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորման և ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման առումներով:
- Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցություններ վարել հակամարտության կարգավորման շուրջ՝ բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախի Հանրապետությունը ճանաչված է որպես լիիրավ կողմ»,-նշվում է հայտարարության մեջ:
Նշենք, որ Armenia Today-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հանրային» հ/ը-ին տված հարցազրույցում հնչեցված մտքեն անհանգստություն են առաջացրել Արցախում։