«Հրապարակ»-ը գրում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին առաջարկել է ստանձնել Արցախի Հանրապետության պետական նախարարի պաշտոնը եւ սպասում է իր առաջարկի վերաբերյալ նրա որոշմանը:
«Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կսկսենք առաջիկա շաբաթներին, որին առնչվող այլ մանրամասների մասին կհայտնեմ հաջորդիվ»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Թերթի տեղեկություններով՝ Արայիկ Հարությունյանը նախօրեին Արցախում Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ ներկաներին տեղեկացրել է, որ նման առաջարկով է հանդես գալու, հայտնել է նաեւ, որ նշանակումը գուցե մի քանի շաբաթ անց տեղի ունենա, քանի որ Ռուբեն Վարդանյանը տեղեկացրել է, թե «Ավրորա» ծրագրի հետ կապված որոշ կիսատ գործեր ունի:
Թերթի արցախյան աղբյուրները, սակայն, կարծում են, որ Վարդանյանի կամուկացն այլ պատճառներ ունի: Բանն այն է, որ քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, թե շուտով Ադրբեջանը Հայաստանի դեմ լայնամասշտաբ պատերազմ կարող է սկսել՝ բոլոր հնարավոր հետեւանքներով, իսկ Վարդանյանի ծրագրերը միայն Արցախի հետ չեն կապված։
Արայիկ Հարությունյանը, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցրել նրան: Երեկ գրառում էր արել նաեւ գործող պետնախարար Արտակ Բեգլարյանը` ողջունելով Վարդանյանին արված առաջարկը: Մենք տեղեկացանք, որ Արցախի կառավարությունում միանշանակ չեն ընդունել այս փոփոխությունը` Ռ. Վարդանյանը պատրաստվում է արմատական փոփոխություններ անել այստեղ, եւ շատերն առաջիկայում կազատվեն պաշտոններից: