Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր շրջանակներից հերքել են Փաշինյանի հայտնած «նորությունը», թե իրենք պատրաստվում Հարավային Կովկասը նվիրել ուրիշներին եւ Արցախից հեռանալու մտադրություն ունեն։
«Հրապարակ»-ը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ վերջին հանդիպման ընթացքում հայտնել էր, թե Ռուսաստանը շուտով դուրս է գալու Արցախից։ Իբր իր դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ Ռուսաստանը չի ցանկանում հակամարտության մեջ մտնել թուրք-ադրբեջանական տանդեմի հետ։
Փաշինյանի հայտնած այս տեղեկությունն Արցախի նախագահն ու քաղաքական ուժերն իբրեւ բոթ են ընդունել, քաղաքական դաշտը մի քանի օր է՝ գործի է դրել բոլոր կապերը՝ ՌԴ-ից ճշտելու այս տեղեկատվության հավաստիությունը։
Նախատեսել են մեկնել Մոսկվա եւ տարբեր գործիչների են խնդրել, որ իրենց «կանալներով» ճշտեն, թե որքանով է այդ ամենը համապատասխանում իրականությանը։ Երեկ թերթին ասել են, որ Ռուսաստանի բարձրաստիճան տարբեր շրջանակներից հերքել են Փաշինյանի հայտնած «նորությունը»:
Ի դեպ, առաջիկայում նաեւ ԱՀ նախագահի այց է նախատեսվում Մոսկվա, որից հետո պատկերն առավել ամբողջական կդառնա։