Այժմ, առավել քան երբևէ, կենսական նշանակություն ունի ճիշտ ընտրություն կատարել և պահպանել հայկական Արցախն աշխարհի համար։ Այս մասին ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանի հայտարարության մեջ։
Կարապետյանը հորդորել է Հայաստանի իշխանություններին ցուցաբերել հավասարակշռված մոտեցում, որը «կտա անվտանգության ամուր երաշխիքներ և թույլ չի տա Արցախի կորուստ»։
«Անհնար է անտեսել այն վտանգավոր ազդակներն ու միտումները, որոնք վերջին ամիսներին մեծ թափ են հավաքում Հայաստանում։ Այսօր տարբեր ուժեր բացահայտ կերպով Հայաստանին մղում են Ռուսաստանից հրաժարվելու և պատմական ինքնաոչնչացման քայլին»,- ասված է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի հայտարարության մեջ։
Կարապետյանն ընդգծել է, որ այժմ «կարևոր է կանխել այնպիսի որոշումների ընդունումը, որոնք անխուսափելիորեն կարող են ծանր հետևանքներ ունենալ ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի համար»։
Ըստ Կարապետյանի՝ Արցախի անվտանգության ապահովման հարցում միակ երաշխիքը Ռուսաստանի միջնորդությունն է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում։
«Կարծում եմ, որ Արցախի ապագայի անվտանգության և նրա բնակիչների խաղաղ կյանքի միակ երաշխիքը պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ռուսաստանի միջնորդությունն է խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում»,- ասվում է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադրի հայտարարության մեջ։
Կարապետյանը հիշեցնում է, որ որոշում կայացնելիս պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, և «մեր երկրները միավորված են դարավոր գործընկերային, մշակութային և հոգևոր կապերով»։