Արցախը փորձելու է ՌԴ-ից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու մեխանիզմներ ստանալ։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիրգրան Աբրահամյանը:
Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, որ առաջիկայում Արցախից պատվիրակություն է մեկնելու Մոսկվա, իսկ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն Մոսկվայում է, նա նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո և դրանից առաջ էլ Արցախը տարբեր թելերով ՌԴ-ի հետ տարբեր մակարդակներով հարաբերություններ է ունեցել:
«44-օրյա պատերազմից հետո, բնականաբար, այդ գործընթացները շատ ավելի ինտենսիվ և շատ ավելի ակտիվ են դարձել: Այս փուլում Արցախում տարբեր պատվիրակությունների այցերը Մոսկվա, կարծում եմ, ավելի շատ պայմանավորված են բանակցային գործընթացի՝ սեղանին առկա տարբեր նախագծերի կամ փաստաթղթերի առկայությամբ: Այն հայտարարությոնները, որոնք հնչում են այդ փաստաթղթերի մասով, ոչ միայն սպառնալիք են Արցախի Հանրապետությանը, այլ տեղում ֆիզիկական գոյության վտանգ են: Այս իրավիճակում արցախցին չի կարող անհանգիստ ու մտահոգ չլինել: Արցախում փորձում են իրենց անվտանգության լրացուցիչ ապահովման հնարավորություններ ստեղծել»,- ասաց Աբրահամյանը:
Նա շեշտեց՝ այս իրավիճակում Արցախն անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու մեխանիզմներ փորձելու է ստանալ հենց ՌԴ-ից:
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ ՌԴ քաղաքական շրջանակների հետ արդեն ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն՝ Արցախի պատվիրակներին ընդունելու համար:
Մանրամասները՝ տեսանայութում: