Վերջին շրջանում փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար և կա արևմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար, և ՀՀ-ն մերժում է ռուսական ծրագիրը և ընդունում է արևմտյան ծրագիրը, սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Այս մասին այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որ կա ռուսական ընկալում և արևմտյան ընկալում, դա ճիշտ է, իսկ ՀՀ-ն ռուսական ընկալման հետ համաձայնվել է և սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերել 2021 թվականի հունվարին, և այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղի և ՀՀ-ի անվտանգության երաշխավորն է։ Սա շատ կարևոր նրբություն է, և մենք պայմանավորվել ենք այս սցենարի և պլանի շուրջ։ Այս պլանն աշխատանքային ռեժիմով ներկայացվել է Հայաստանին 2022 թվականի օգոստոսին և, ըստ պայմանավորվածության, Ռուսաստանի համանախագահողը կվերադառնա մեր վերջնական դիրքորոշումն ստանալով»,- ասաց վարչապետը և նշեց, որ հենց առաջին հանդիպման ժամանակ մենք համաձայնություն ենք տվել այդ պլանի իրագործմանը։
«Երկուշաբթի օրը Սոչիում կայանալիք հանդիպմանը ես պատրաստ եմ եռակողմ հայտարարության ֆորմատով ստորագրել այդ 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը»,- ասաց նա և հիշեցրեց, որ թվիթերյան իր գրառման մեջ նշել է այդ մասին և հույս հայտնեց, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի։
Անդրադառնալով ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Փաշինյանը նշեց, որ մենք, իհարկե, ուզում ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը ԼՂ-ում։
«Ես պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը, ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարարացվի 10, 15, 20 տարով, ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել։ Ես առաջարկում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, և եթե մենք և Ռուսաստանը համաձայն լինենք, կլինենք մեծամասնություն»,- ասաց նա։
Վարչապետը նկատեց, որ իրենց քննադատները խոցելու համար ասում են՝ Ղարաբաղը Փառուխ առ Փառուխ ուզում են տալ, այս քննադաության մեջ ճշմարտություն կա։
«Սրանք հարցեր են, որոնց պատասխանները պետք է հնչեն։ Ռուսաստանի Դաշնությունն իր առաջարկները հետևողականորեն և պինդ պաշտպանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես հայտարարում եմ, որ Սոչիում պատրաստվում եմ այդ թուղթը ստորագրել՝ Ռուսաստանի Դաշնության առաջարկների հիման վրա։ ՌԴ-ն, որպես միջնորդ, թող այդ նախագիծը ներկայացնի»,- ասաց Փաշինյանը։