Լիահույս ենք, որ հոկտեմբերի 31-ին չի ստորագրվի այնպիսի փաստաթուղթ, որը կարող է անտեսել Արցախյան հիմնախնդրի գոյությունը, հարվածի տակ դնել Արցախյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը և սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այս մասին ԱՀ ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
«Վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատևելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի իր հողում, ճանաչեք Արցախի ինքնորշման իրավունքը»,-դիմելով աշխարհին՝ ասաց ԱՀ ԱԺ նախագահը:
Դիմելով հայ ժողովրդին՝ նա կոչ արեց միասնաբար նեցուկ կանգնել արցախահայությանը և հասնել ինքորոշման լիակատար իրացման:
«Հավատացած ենք, որ առաջնային գործոն պետք է հանդիսանա համաժողովրդական համախմբվածությունը:
Պետք է մեկընդմիշտ մերժվեն այն առաջարկներն ու սկզբունքները, որոնք ժխտում են Արցախի ժողովրդի ինքնորշման իրավունքը, զրկում հակամարտության արդարացի կարգավորման հեռանկարներից ու կասկածի տակ դնում Արցախի գոյությունը: Արցախը եղել է, կա ու լինելու է»,-շեշտեց նա:
ԱՀ ԱԺ նախագահն ընդգծեց, որ այսօր հայոց պետությունը կանգնած է ազգային ինքնությանը ու լինելությանը սպառնացող լուրջ վտանգների առաջ. «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հավակնությունները մեր հայրենիքի նկատմամբ զուրկ են պատմական, իրավական ու բարոյական հիմքերից, քանի որ Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել ու չի կարող լինել: Այսօր առաջնահերթ խնդիրը երկրի հուսալի անվտանգության ապահովումն է, որն իրականացնում են ռուսական խաղաղապահ զորակազմը ու ԱՀ ՊԲ-ն»:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ից, տեղի է ունենում Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:
Հանրահավաքն ու ԱԺ արտահերթ նիստը վաղը Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ են: