Երևանն ու Մոսկվան միասնական են Արցախի կարգավիճակի հարցն անորոշ ժամկետով հետաձգելու հարցում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստին 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով օրերս ՌԴ նախագահի միջնորդությամբ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը:
«ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ ճիշտ մոտեցումն այն է, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով և սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնել մի կարգավիճակ, որը փոխընդունելի լինի: Այսինքն՝ իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի»,- ասաց վարչապետը և շեշտեց, որ այս տեսլականը լիարժեք և հարյուր տոկոսով համապատասխանում է ՀՀ կառավարության քաղաքականության հետ:
Նա կարևորեց երեք կոմպոնենտ՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ: «Եթե նկատել եք, մենք հետընթաց կարգավիճակ բառը, որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել, քանի որ համաձայնվել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, քանի որ այդ թեման հիմա չարժե լուծել, դա կբերի անխուսափելի ճգնաժամի»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ եռակողմ բանակցությունների ընթացքում ռուս գործընկերների հորդորով փորձել են ավելի ճկուն լինել՝ իրավիճակը փակուղային չդարձնելու համար:
«Մենք նաև առաջարկեցինք, որ հենց Սոչիում որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը երկարացնելու հարցում և, ակնհայտ է, այդ առաջարկը չընդունվեց, սակայն իմ ընկալմամբ՝ հարցը դարձավ օրակարգային, թեև այն, այսպես թե այնպես, օրակարագային էր»,- ասաց նա:
Ամեն դեպքում՝ վարչապետն ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարաձգվում է ինքնաբերաբար, այսինքն՝ այն կարող է չերկարացվել, եթե միայն կողմերից որևէ մեկը առաջարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց վեց ամիս առաջ:
«Ես համաձան եմ, որ ԼՂ-ում կամ ԼՂ հայության իարվունքների և անվտանգության երաշխավորման կարևորագույն գործոնը խաղաղապահների ներկայությունն է, քանի դեռ չեն ստեղծվել անվտանգության և ապահովման հուսալի մեխանիզմներ և երաշխիքներ: Մեր քաղաքականությունը Սոչիից առաջ և Սոչիից հետո նույնիսկ նվազագույն փոփոխություն չի կրել։ Ուրախ եմ արձանագրել, որ Սոչիում վերահաստատվեց Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունները, և մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը խաղաղության օրակարգի իրագործման շուրջ»,- ասաց նա:
Վարչապետն ընդգծեց, որ եռակողմ հանդիպումն ունեցել է հրապարակային, դռնփակ մաս, շատ կարևոր հարցեր են հնչել: Նա նկատեց, որ մինչև հանդիպումն էլ քննարկում կար, որ կա ռուսական առաջարկ, կա ռուսական հայեցակարգ և կա ոչ ռուսական հայեցակարգ, և փորձ էր արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են ռուսական հայեցակարգի հետ, ինչն այդպես չէ:
«Արդյոք այդ հանդիպման արդյունքում կարող եմ արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ, ես կարող եմ ասել՝ այո՛, միանշանակ: Դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր»,- շեշտեց Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ առաջնորդները եռակողմ հանդիպում են ունեցել և ընդունել են հայտարարություն, որում պարտավորվել են շարունակել իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերերով ձեռք բերված պայմանավորվածությունները։ ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները ողջունել են ՌԴ պատրաստակամությունը` հետայսու ևս ամեն կերպ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Հարավային Կովկասում կայունության և բարգավաճման ապահովմանը։
Եղանակը Հայաստանում և Արցախում նոյեմբերի 23-ին
Հայաստանի մարզերում նոյեմբերի 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5...