Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժամանակ կրակում նրանց վրա, քանի դեռ նրանք զբաղված են գյուղատնտեսական աշխատանքներով: Այս մասին գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում։
«2020 թ. նոյեմբերի 9-ից ի վեր 3 խաղաղ բնակիչ է սպանվել, 16-ը` վիրավորվել 54 մահափորձերի հետևանքով: Արդյո՞ք սա է այն պնդման իրագործումը, երբ Ադրբեջանն ասում է «ԼՂ հարցը լուծված է»»,- գրում է վարչապետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ադրբեջանական կողմի կողմից Արցախի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը։ Նոյեմբերի 12-ին՝ ժամը 15.30-ին, ադրբեջանական դիրքերից հրաձգային զենքից կրակ է բացվել Տեղի բնակչի ուղղությամբ, ով հողագործական աշխատանքներ է իրականացրել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք գտնվող գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ: Գնդակոծության արդյունքում տեղի բնակիչը թեթև վնասվածք է ստացել, տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել։ Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական կողմի հետ համատեղ քննություն է իրականացնում: