Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է խոսել «Ղարաբաղում ապրող մարդկանց հետ», բայց պատրաստ չէ խոսել Ռուբեն Վարդանյանի հետ: Նա Արցախի Հանրապետության պետնախարարին մեղադրել է այն բանում, որ վերջինս Արցախ Է ժամանել Մոսկվայի հրահանգով: Այս հայտարարությունն Ալիևն արել է՝ ընդունելով Արևելյան գործընկերության հարցերով ԵՄ հատուկ բանագնաց Դիրկ Շյուբելի գլխավորած պատվիրակությանը։
«Նա Մոսկվայից այնտեղ շատ հստակ օրակարգով է ուղարկվել։ Մենք պատրաստ ենք խոսել այն մարդկանց հետ, ովքեր ապրում են Ղարաբաղում և ցանկանում են այնտեղ ապրել։ Մենք պատրաստ ենք դրան։ Ի դեպ, այդ գործընթացն սկսվել է»,-ասել է նա։
Ադրբեջանի նախագահի կարծիքով՝ Բաքվի և Ստեփանակերտի երկխոսությանը չպետք է մասնակցեն ո՛չ Հայաստանը, ո՛չ այն երկրները, որոնք, իր խոսքերով, խանգարում են այդ երկխոսությանը։
«Եթե չլինեին որոշ երկրների միջամտությունները, որոնց մասին ես հենց նոր նշեցի, եթե այդ գործընթացը դադարեցնելու փորձեր չլինեին, ապա, կարծում եմ, որ գործընթացը կարող էր ավելի դինամիկ լինել։ Բայց դա ոչ մի կապ չունի Փաշինյանի և նրա կառավարության հետ»,-նշել է Ալիևը:
Նա նաև հայտարարել է, որ Հայաստանին «չի հաջողվի խոսել Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության մասին»:
Ադրբեջանի ղեկավարը նաև նոր սպառնալիքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։
«Եթե նրանք խաղաղություն չեն ուզում, դա իրենց ընտրությունն է: Երեսուն տարի մենք խաղաղություն չենք ունեցել, և Հայաստանը չպետք է մոռանա, թե ինչով է դա ավարտվել»,-նշել է նա:
Ալիևն ընդգծել է, որ պատրաստ չէ Արցախի հարցով զիջումների գնալ և թույլ չի տա խաղաղության պայմանագրում ներառել «Ղարաբաղի հայերի հարցերը»։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի նախագահը ոչ միայն սպառնում է, այլև նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանությունը։