Արցախի վերջին շրջափակումը եզակի դեպք չէ, այլ մի շարք հանցավոր գործողություններից մեկը, որն իրականացվել է Իլհամ Ալիևի ավտոկրատ ռեժիմի կողմից: Այս մասին ասված է Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի թողարկած Կարմիր դրոշի մասին ահազանգում, որը վերաբերում է Ադրբեջանին:
Իր հայտարարության մեջ ինստիտուտը Արցախի մեկուսացումը ցեղասպանության փորձին ուղղված քայլ է համարում:
«Շատ ցեղասպան վարչակարգեր ցեղասպանության փորձերը փուլ առ փուլ են իրականացնում՝ գնահատելով միջազգային հանրության արձագանքը։ Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը կարծում է, որ Ալիևը հենց դա է անում: Ալիևը պայմաններ է ստեղծում ցեղասպանության համար՝ վերահաստատելով միջազգային անտարբերությունը Արցախի հարցի նկատմամբ»:
Ինստիտուտը խորապես համոզված է, որ միջազգային հանրությունը այս դեպքում կարող է կանխել ցեղասպանությունը՝ համակարգված դիվանագիտական ճնշում գործադրելով ինչպես Ադրբեջանում Ալիևի ռեժիմի, այնպես էլ նրա դաշնակից Էրդողանի ռեժիմի վրա։
«Արևմտյան աշխարհը պետք է հասկացնի, որ չի աջակցում ցեղասպանությանը: Արևմուտքը դա պետք է անի, որ հայ ժողովրդին սպառնացող ևս մեկ աղետի ականատես չդառնա»:
Հիշեցնենք, որ երեկ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել էին, որ ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները դրական արդյունք են տվել: Հայտարարվեց, որ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության համար:
Ավելի վաղ Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման միջազգային ինստիտուտը կոչ էր արել ստեղծել անկախ միջազգային հանձնաժողով, որը կուսումնասիրի Արցախի հետ կապված խնդիրները՝ արդար արդյունքի և կայուն խաղաղության հաստատման համար։