Անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված սադրանքի 2 դեպք է գրանցվել Շուշիի և Մարտակերտի շրջաններում: Այս մասին
հայտնում է Արցախի Ներքի գործերի նախարարությունը։
Հաղորդվում է, որ դեկտեմբերի 3-ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ընդհատվել է Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապը: Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկել են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ. ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է:
Նախարարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 4-ին ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում՝ հանգեցնելով քաշքշուքի:
Շարասյունը տեխնիկական նպատակներով կանգնել է Գետավանի տարածքում, որտեղ քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցի իջել են մարդատար ավտոմեքենայից և ակնհայտ սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղի երիտասարդների հետ, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։ Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունը հանգամանքները պարզել ու փաստերը ներկայացրել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: