Արցախում 19 երեխա թունավորման ախտանիշներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
«Ընդհանուր առմամբ՝ բժշկական հաստատություն է դիմել 19 երեխա, որոնց մոտ ախտորոշվել է «սուր գաստրիտ»՝ ենթադրաբար սննդային թունավորման հետևանքով: Դիմորդներից 12-ին ցուցաբերվել է ստացիոնար բուժօգնություն»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
Նախարարությունից հայտնել են նաև, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն Արցախի առողջապահության նախարարի պաշտոնակատար Արթուր Օհանջանյանի ուղեկցությամբ երեկ երեկոյան այցելել է «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն, ծանոթացել թունավորման ախտանշաններով բուժհաստատություն տեղափոխված երեխաների առողջական վիճակին: «Արևիկ» մանկական բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը տեղեկացրել է, որ երեխաների վիճակը բավարար է:
Պետնախարարն այնուհետև հենց բուժհաստատությունում դեպքի հետ կապված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել պատասխանատու անձանց մասնակցությամբ: Երեկ ժամը 21-00 դրությամբ «Արևիկ» բուժմիավորումում շարունակել է բուժում ստանալ 4 երեխա, որոնց վիճակը բժիշկները գնահատում են բավարար։
Արցախի դատախազությունից հայտնել են նաև, որ դեպքի մասին հաղորդվել է նաև ԱՀ դատախազությանն ու ներքին գործերի նախարարության ոստիկանությանը: Հայտնել են նաև, որ իրավապահ մարմինների կողմից ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկվում են անհրաժեշտ քրեադատավարական միջոցառումները՝ կասկած հարուցող սննդամթերքի նմուշառման, փորձաքննությունների կազմակերպման, քաղաքացիների առողջությանը պատճառված վնասի աստիճանը և թունավորման պատճառները պարզելու ուղղությամբ: