Այսօր պատիվ ունեցա հանդիպելու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի Պրովանս-Ալպեր-Կոտ դ’Ազուրի տարածաշրջանային խորհրդի նախագահ Ռենո Մյուզելյեն։
«Արայիկ Հարությունյանը խորապես նվիրված է իր երկրին և ժողովրդին, պաշտպանում է նրանց իրավունքներն ադրբեջանական ոտնձգությունների պայմաններում»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում է։ Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում, Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ, հանդիպել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին, ինչպես նաև Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսին։