Ադրբեջանը ԼՂ-ում ցեղասպանություն է կազմակերպում և նախապատրաստում։ Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ Գլոբալ ֆորումի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ ներկայացուցիչներն առավել շեշտում և ընդգծում ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, սակայն այսօր էլ ցեղասպանության սպառնալիքը և վտանգը մեր տարածաշրջանում դիտարկվում է որպես հրատապ կանխարգելման մի երևույթ:
«Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հայության ներկայացուցիչների կողմից ահազանգվում է պոտենցիալ ցեղասպանությունը որպես սպառնալիք: Եվ ես կարծում եմ, որ այդ ահազանգերին մենք, բոլորս և միջազգային հանրությունը պետք է իսկապես լուրջ վերաբերվենք: Ցավոք,այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է այն սադրանքները, որոնք տեղի են ունենում, մասնավորապես, Լաչինի միջանցքում: Նրա խոսքով՝ Լաչինի միջանցքը հենց ցեղասպանության կանխարգելման միջանցք է։
«Որովհետև փակել այս միջանցքը, դադարեցնել այս միջանցքի գործողությունը, նշանակում է, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի հայությանը դատապարտել ցեղասպանության՝ երեք տարբեր սցենարներով»,- նշել է նա:
Առաջին սցենարը, ըստ Փաշինյանի, կարող է լինել զուտ հայաթափման սցենարը, երբ պարզապես Լեռնային Ղարաբաղի հայերը հնարավորություն չունեն ապրել իրենց տներում, իրենց հողում:
«Եվ մենք այդպիսի, ըստ էության, մինի մոդել տեսնում ենք Հադրութի շրջանում, որտեղ այսօր ոչ մի հայ չի ապրում 2020 թվականի 44 օրյա պատերազմի հետևանքով»,- ասել է վարչապետը:
Հաջորդ սցենարը, որը կարող է իրագործվել՝ ինքնության կորուստն է, որը, ըստ վարչապետի, նույնպես ցեղասպանության հնարավոր մոդելներից մեկն է:
«Եվ այսօր այն պայքարը, որ Ադրբեջանը մղում է ԼՂ տեղանունների և պատմամշակութային հուշարձանների դեմ, դրա ամենավառ ապացույցն է: Սա այլ կերպ, քան ցեղասպանության նախապատրաստություն կամ առնվազն այդպիսի միտում ունեցող քաղաքականություն, շատ դժվար է որակել»,- ասել է Փաշինյանը:
Եվ երրորդ սցենարը՝ դա բուն ֆիզիկական ոչնչացումն է, որի իրողությունը և նախանշանները նույնպես տեսել ենք և տեսնում ենք՝ սկսած գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացիական անձանց դիպուկահարի թիրախ դարձնելուց, վերջացրած 44-օրյա պատերազմի ընթացքում խաղաղ բնակավայրերը և բնակիչներին ռմբակոծելուց և հրթիռակոծելուց:
«Ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքը երկխոսությունն է և համագործակցությունը, այդ թվում՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Եվ մենք մեր արտաքին քաղաքական գործընթացում սա շատ կարևոր ենք համարում: Ադրբեջանը, ընդ որում, ամբողջ աշխարհին, ամենատարբեր առիթներով ի ցույց է դնում, թե իրենք պատրաստ ենք ապահովել ԼՂ հայության իրավունքները և անվտանգությունը, բայց միջազգային հարթակներում հնչող այդ նախադասության հասցեատերը, կարծես, միջազգային հանրությունն է և ոչ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր այդ նախադասության շահառուն են: Այդ նախադասությունն Ադրբեջանի կողմից հասցեագրվում է միջազգային հանրությանը, բայց չի հասցեագրվում ԼՂ հայությանը: Այդ ուղերձն իրական կլինի, երբ այն լսելի դառնա Ստեփանակերտում, ԼՂ-ում, ԼՂ հայության շրջանում»,- ասել է վարչապետը:
Փաշինյանը շեշտել է, որ պետք է փոխել տարածաշրջանային հարաբերությունների բովանդակությունը և որակը: Եվ դա պետք է սկսել ամենապարզ բաներից։
«Օրինակ՝ մեծագույն խնդիր եմ համարում մեր տարածաշրջանում ատելության խոսքի կանխարգելումը, կառավարումը և, ի վերջո, բացառումը և հատկապես պաշտոնական մակարդակով, բայց ոչ միայն պաշտոնական մակարդակով: Ես չեմ ուզում, որ ցեղասպանության կանխարգելման և դատապարտման թեման դառնա ժողովուրդների դատապարտման առիթ և ժողովուրդների թշնամանքի խորացման հարթակ, որովհետև կարծում եմ, որ իսկապես, մեր տարածաշրջանում նաև թշնամությունը պետք է կառավարվի, և դա պետք է սկսել ատելության խոսքի կառավարումից, որը գոյություն ունի մեր՝ առնվազն Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում»,- ասել է նա:
Փաշինյանը նշել է, որ ցեղասպանության կանխարգելման ամենակարևոր գործիքներից մեկն այն է, որ Հայաստանում դադարեցնեն մարդկանց, այդ թվում՝ քաղաքական մրցակիցներին կամ հակառակորդներին վիրավորելու համար օգտագործել ուրիշ ազգի անուն:
«Հայաստանում կա այդ բանը, օրինակ՝ եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար, ասել՝ դու թուրք ես: Մի մարդ, որը ձեզ հայտնի հանգամանքների բերումով բավականին շատ արժանացել է այդ հասցեագրմանը, ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել, դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, որովհետև ես դա վիրավորանք չեմ ընդունում և ընկալում»,- ասել է նա։
Վարչապետը հավելել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Թուրքիան, Հայաստանը, Ադրբեջանն իրար կարիքն ունեն՝ հենց այդ երկրների անվտանգության, մեծ առումով՝ պատմական, ինքնիշխանության, անկախության ապահովման առումով: