Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 12-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Օրակարգում Արցախի Հանրապետության դեմ ադրբեջանական հերթական սադրանքների հետևանքով ստեղծված իրավիճակը և դրա հանգուցալուծման համար ձեռնարկված և հետագա քայլերին վերաբերող հարցերն են եղել:
Նախագահ Հարությունյանը ընդգծել է ներքին և արտաքին բոլոր հնարավորությունների իրացման անհրաժեշտությունը՝ ԱՀ փաստացի շրջափակմանը դիմակայելու և դրա վերացմանը հասնելու նպատակով։
Բոլոր մասնակիցները միաձայն շեշտադրել են Արցախի իշխանությունների վճռականությունը պաշտպանելու Արցախի ժողովրդի կենսական շահերն ու իրավունքները: Որոշում է կայացվել այսօր առավոտյան հրավիրել Անվտանգության խորհրդի և Ազգային ժողովի նիստեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: