Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբի գործունեության ուղղությունների ու իրականացվող քայլերի ներկայացման նպատակով: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
«Նշելով, որ շտաբի հիմնական գործունեությունն ուղղված է Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը՝ Ռուբեն Վարդանյանը կարևորել է պետական մարմինների, մասնավոր ընկերությունների միջև փոխգործակցված և արդյունավետ աշխատանքի կազմակերպումը:
Ամենակարևոր ուղղություններն են անվտանգությունը, առողջապահությունը, ենթակառուցվածքների գործունեության ապահովումը: Օպերատիվ շտաբում ընդգրկված են ինչպես պետական պաշտոնյաներ, այնպես էլ մասնավոր և հասարակական ոլորտների ներկայացուցիչներ: Ինձ համար չկա իշխանություն, ընդդիմություն: Կա ստեղծված բարդ իրավիճակ, և բոլորս, բոլոր կարող ուժերը պետք է միավորվեն՝ կազմակերպված աշխատանքի և իրավիճակից ելքեր գտնելու համար»,-ընդգծել է պետնախարարը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել և քննարկվել է օպերատիվ շտաբի կողմից մշակված՝ վառելիքի տրամադրման կարգը: Վառելիքն առաջնահերթ տրամադրվելու է հանրային նշանակության և հատուկ ծառայություններին, ինչպես նաև կենսական կարևորության օբյեկտներին: Կարգով նախատեսված աշխատանքների ապահովումն իրականացնելու է Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաև բնակչությանը հուզող խնդիրներին արագ արձագանքելու և պատշաճ տեղեկատվություն տրամադրելու հարցերին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։