ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթ է ունեցել ՄԱԿ ԱԽ «Նոր կողմնորոշում բարեփոխված բազմակողմանիության համար» նախարարական հանդիպմանը։
Իր ելույթում նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրը դեռևս պետք է հասցեագրվի։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արժանապատիվ և խաղաղ ապրել սեփական հայրենիքում։
«Բազմակողմանիության հետընթացը դրսևորվել է նաև Անվտանգության խորհրդի կողմից մանդատ ստացած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ իր պարտականությունները կատարելու անկարողությամբ։ Հակամարտող կողմերից մեկն, ըստ էության, արգելափակում է այս ձևաչափի գործունեությունը։ Ավելին, միակողմանիորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է ուժի կիրառման միջոցով, դրանով իսկ խոչընդոտելով միջազգային միջնորդական ջանքերի միջոցով հակամարտության հնարավոր կարգավորմանը
Միջազգային հանրության սահմանափակ հետաքրքրության պայմաններում մեր տարածաշրջանում անվտանգության մարտահրավերները միայն ավելացան: Հայաստանի ինքնիշխան տարածքները շարունակաբար ենթարկվում են հարձակումների: Վերջին խոշոր միջադեպը տեղի ունեցավ այս տարվա սեպտեմբերին, և մենք խնդրեցինք Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ իրավիճակն ամբողջությամբ գնահատելու և այդ հարցն ուշադրության կետրոնում պահելու համար:
Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։ Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից։
Ավելին, միջազգային մարդասիրական կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ շրջանակներում գործող, դեռևս չեն կարողանում անչափ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ ըստ էության անտեսելով նրանց՝ ի հակադրություն 2030 Կայուն զարգացման օրակարգի համաշխարհային խոստմանը:
Ճակատագրի հեգնանքով է կարծես, որ ոչ միայն միջազգային մարդասիրական կազմակերպությունների, այլ նույնիսկ այնտեղ բնակվող մարդկանց մուտքն է արգելափակված Լեռնային Ղարաբաղ: Արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք խոսում ենք, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը: Հարգելի գործընկերներ, Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում կբերի աղետի։
Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները:
Ստեփանակերտի հետ իրավունքների և անվտանգության շուրջ երկխոսությունից Ադրբեջանի հրաժարվելու հետ մեկտեղ, այս դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Բաքուն շարունակում է ցեղասպան քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ։
Ելույթիս սկզբում ես ընդգծեցի հանձնառությունների կատարման կարևորությունը։ Ե՛վ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կագավորման գործընթացի, և՛ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցում Ադրբեջանը հրաժարվում է կատարել սեփական պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել նաև բազմակողմ ձևաչափերով: Ադրբեջանի ղեկավարության գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական մոտեցումը լրջորեն վտանգում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հնարավորությունը:
Պարոն Նախագահ,
Հիմնվելով մեր սեփական փորձի վրա, մենք կարող ենք պնդել, որ առանց արդյունավետ բազմակողմանիության աշխարհը զուրկ կլինի խաղաղությունից և անվտանգությունից: Հետևաբար, մենք բոլորս պետք է ձգտենք մշակել ավելի լավ, ավելի արդյունավետ եղանակներ, որոնցով կարողանանք կանխել հակամարտությունները, ցեղասպանությունները և զանգվածային այլ վայրագությունները և կենտրոնանալ խաղաղ, կայուն զարգացման վրա»,-նշել է Միրզոյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։