Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է դանդաղ մահվան դատավճռի։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանցիների կողմից Հայաստանն Արցախին կապող կյանքի միակ ճանապարհի փակմանը։
«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր է վտանգված։ Երկուշաբթի Ադբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղորայք»,- գրել է Մխիթարյանը։
«Ինտերի» ֆուտբոլիստը գրառման մեջ հիշեցրել է, որ Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։
«Ադրբեջանն անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Ձմռանը, գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը նվազում է զրոյից ցածր, բնակիչները հայտնվում են ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա կհանգեցնի իրական հումանիտար աղետի»,- գրել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։