Ձեր չեզոքությունն արդեն ավելի քան 2 տարի սպանում է մարդկանց: Այս մասին այսօր Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց հայտարարեց Արցախի ՄԻՊ ԵՄ Գեղամ Ստեփանյանն՝ իր խոսքն ուղղելով ԵՄ ներկայացուցիչներին:
«ԵՄ-ն պետք է հասկանա, որ Արցախում 120 հազար մարդ այսօր պատանդի կարգավիճակում է՝ Ադբեջանի և նրա բռնապետ Ալիևի քմահաճույքների պատճառով: Շինծու և բնապահպանական պատճառաբանությամբ Ալիևն ահաբեկման մեջ է պահում Արցախի ժողովրդին: ԵՄ ներկայացուցիչնե՛ր, այս պահին ձեզ հետ խոսում է Արցախի ՄԻՊ-ը, որն անգամ չի կարողանում իր տուն վերադառնալու իրավունքը պաշտպանել: Ահա սա է Ադրբեջանի դեմքը: Ու ԵՄ-ն, որն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, պետք է հասկանա, որ նման չեզությամբ ու անկողմնակալությամբ նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքները խախտվեն: Մի՛ պահեք այդ չեզոքությունը, այն արդեն ավելի քան 2 տարի սպանում է մարդկանց»-ասաց Արցախի ՄԻՊ-ը:
Շեշտելով, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքը ճանաչել է դեռ 30 տարի առաջ՝ նա հավելեց. «Պետք է ճանաչել ԱՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ու փրկել այդ ժողովրդին: «Ճանաչում հանուն փրկության»»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։ Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: