Ադրբեջանցիները կրկին փակել են Ստեփանակերտը Հայաստանին կապող միակ ճանապարհը. պատճառն այս անգամ էլ, ինչպես նախորդ դեպքում, իբր «բնապահպանական է»: Քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ նոյեմբերի 12-ի առավոտյան 10:30-ից արգելում են մեքենաների շարժը:
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Լիսագոր-Շուշի և Ստեփանակերտ-Շուշի ավտոճանապարհին hարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողացել տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Armenia Today-ի հետ զրույցում ԱԳՆ ժ/պ Դավիթ Բաբայանն ասում է․
«Նրանք փորձում են այդպիսով կաթվածահար անել Կաշենի լեռնահանքային համալիրն է` «Բեյզ Մեթըլս» շահագործող
կազմակերպությունը, իսկ դա մեր պետական բյուջեի կարևոր եկամտի աղբյուրներից մեկն է: Մենք գործ ունենք լավ կազմակերպված սադրանքի հետ. Ադրբեջանի տարբեր քաղաքներից ու գյուղերից մարդկանց, երեխաների են բերել, որոնք երևի այդտեղ չեն էլ ապրում, թատրոնի բեմադրություն են սարքել»:
Ադրբեջանցի «բնապահպանները» հանդիպում են պահանջում են ռուս խաղաղապահների հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ: Ցուցարարների բողոքի նոտան ուղղված է ընդդեմ ռուս խաղաղապահների վերահսկողության` տարածքում գտնվող օգտակար հանածոների հանքավայրերի ապօրինի շահագործման: Նրանք բողոքում են օգտակար հանածոների հանքավայրերի, մասնավորապես ոսկու և պղնձամոլիբդենային հանքավայրի իբրև ապօրինի շահագործման դեմ, և պահանջում, որ ռուս խաղաղապահները պայմաններ ստեղծեն էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարության, նախարարությանն առընթեր պետական գույքի ծառայության և «ԱզերԳոլդ» ՓԲԸ-ի ներկայացուցիչների կողմից այդ հանքավայրերը վերահսկելու համար։
Ադրբեջանցիների վրանները չուշացավ, դրանք տեղադրվեցին, որից հետո խոսեց պաշտոնական Ստեփանակերտը:
«Անընդունելի համարելով ադրբեջանական կողմի ագրեսիվ ու ապակառուցողական վարքը՝ Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցներն իրավիճակի կարգավորման ուղղությամբ՝ կապ պահելով ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ»:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հորդորում է չտրվել թշնամու սադրանքին: Ադրբեջանի իշխանությունների նպատակներից մեկն Արցախում ներքին պառակտման ու խուճապի հրահրումն է, ասում է նա:
«Նախ, մեզ համար խիստ անընդունելի է Ադրբեջանի ագրեսիվ վարքը, որի միջոցով ահաբեկում է մեր բնակչությանը և հարվածի տակ դնում մեր կենսական իրավունքներն ու շահերը: Սա աննախադեպ մարտահրավեր է մեր պետության ու ժողովրդի համար, և կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել։ Արցախի իշխանություններն ու ժողովուրդն ունեն հստակ արժեքներ, սկզբունքներ ու կարմիր գծեր, որոնց պաշտպանության ուղղությամբ գործադրում ենք և կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերը՝ երբեմն ոչ տեսանելի»,- ասել է նախագահը։
Նախագահ Հարությունյանը համոզված է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը, որպես Արցախի ժողովրդի ու ճանապարհի անվտանգության երաշխավոր, կկիրառի բոլոր գործիքակազմերը՝ նման սադրանքները և պայմանավորվածությունների խախտումները կանխելու համար, որոնք ուղղված են Արցախի ժողովրդի կենսական իրավունքների ու շահերի դեմ:
Ադրբեջանական քարոզչական լրատվականները հայտնում են, որ ադրբեջանցիները պատրաստվում են գիշերել այնտեղ ու շարունակել փակ պահել ճանապարհը: Վրանները դրա ապացույցն են:
Արդեն 3 օր է՝ արցախցիները հումանիտար տոտալ արգելափակման մեջ են` զրկված կենսական պահաջմունքի միակ աղբյուրից: Սրան ի պատասխան միջազգային և ոչ մի ատյանից գնահատական չի տրվել:
Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին իբրև բնապահպանական պատճառաբանությամբ, փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Մանրամասները՝ տեսանյութում։