Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 17-ին ժամը 15:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաք է հրավիրել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
«Այս չորս օրը ցույց տվեցին մեր միասնականությունը։ Եվ այսպես, վաղը՝ դեկտեմբերի 17-ին, ժամը 15:00-ին հանրահավաք ենք հրավիրում Ստեփանակերտում։ Կոչ եմ անում բոլորին մասնակցել հանրահավաքին՝ ցույց տալու մեր ուժը, մեր միասնականությունը»,- ասաց Վարդանյանը։ Միաժամանակ նա նշել է, որ Արցախը «դեռ բախվում է խնդիրների, որոնք լուծման կարիք ունեն, դեռ ոչինչ ավարտված չէ»։ «Մենք երկար ճանապարհ ունենք անցնելու դեպի անկախություն, անվտանգություն և զարգացում»,- եզրափակեց հանրապետության պետնախարարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: