Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում գտնվող արցախցի երեխաների դասերը ժամանակավորապես կկազմակերպվեն Սյունիքի մարզի դպրոցներում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն։
Նախարարությունից հայտնում են, որ մշտական կապի մեջ են Արցախի գործընկերների հետ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը:
Ներկայում Արցախի շուրջ 22 000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից։ Արցախցի շուրջ 300 երեխաներ գտնվում են Հայաստանում և Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի փակ լինելու հետևանքով չեն կարողանում ընտանիք վերադառնալ։
«Հայաստանում գտնվող երեխաների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքի մարզպետարանի հետ աշխատանք է տարվում՝ նրանց դասերը ժամանակավորապես տեղի դպրոցներում կազմակերպելու ուղղությամբ։ Առկա իրավիճակը մարդասիրական ճգնաժամ է և երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է, որ խնդրի առնչությամբ համապատասխան նամակներ են ուղարկվել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր քարտուղարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին։