Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում բոլոր հնարավոր խողովակներով։ Կարծում եմ՝ բացվելու հնարավորություն կա: Այս մասին ԱԺ-ում ասաց Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը լրագրողների հետ զրույցի ժամանակ՝ նշելով, որ որևէ նախապայման չկա:
Բաբայանի խոսքով՝ պետք է հասկանալ, որ նման միջադեպերն ու ահաբեկչական գործողությունները կարող են շարունակական լինել.
«Այս գործողությունն ինքնին ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում է»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ, գնահատելով ռուս խաղաղապահների գործողությունները, Բաբայանն ընդգծեց, Արցախը վաղուց կործանված կլիներ առանց նրանց։
«Մենք տեսնում ենք, որ խաղաղապահ առաքելության ներուժը, որը մանդատի ուղիղ ածանցյալն է, պետք է մեծանա։ Այս տեսանկյունից մենք տարբեր ատյաններում հնչեցրել ենք մեր առաջարկները։ Նախ և առաջ՝ ռուս խաղաղապահների թվաքանակը պետք է ավելանա, երկրորդ՝ խաղաղապահները միջազգային մանդատ ստանան։ Սա կնշանակի, որ խաղաղարարի մանդատի հետ միասին նրանք կունենան նաև խաղաղություն պարտադրելու լիազորություններ, ինչպես դա եղավ Կոսովոյում և Բոսնիայում»,- ասաց Բաբայանը։
Պատասխանելով Բաքվի այն հաղորդագրություններին, թե ռուս խաղաղապահները մեքենաներով մարդասիրական օգնություն են հասցրել Արցախ՝ Բաբայանն ասել է, որ օգնություն է հասցվել Արցախի մյուս հատվածից կտրված հատված՝ այն 4 գյուղեր, որոնք անգամ Ստեփանակերտից են կտրված։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: