Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ավելի վաղ իր կողմից հայտարարված հանրահավաքը հետաձգվում է։ Ըստ արցախցի պաշտոնյայի՝ որոշակի քննարկումից հետո որոշում է կայացվել գնալ Արցախի բոլոր շրջանները։
«Մենք ունենք մի շարք հրատապ խնդիրներ, որոնք պետք է լուծվեն։ Ես նախագահի, քաղաքական ուժերի հետ շփվելուց հետո հասկացա, որ հանրահավաքը պետք է լինի այնպես, որ շատ հարցերի պատասխաններ տրվեն»,-նշել է նա։
Նա հայտնեց, որ վաղը ժամը 15:00-ին կլինի Մարտակերտում, այնուհետև՝ հաջորդ օրը Մարտունի, ապա՝ Ասկերան։ «Դրանից հետո կհասկանանք, թե ինչպես կազմակերպենք հանրահավաքը Ստեփանակերտում։ Խնդիրները շատ են և իրավիճակը շատ դինամիկ է փոխվում»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: