Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետևանքներ ունի և դանդաղեցնում է խաղաղ գործընթացի աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Վեդանտ Պատելը։
«Լաչինի միջանցքի փակումը պոտենցիալ լուրջ հումանիտար հետեւանքներ կարող է ունենալ և, անկեղծ ասած, դանդաղեցնում է խաղաղության գործընթացը։ Մենք ուրախ ենք, որ վերականգնվել է բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ։ Ինչպես ասացի, էներգետիկ ենթակառուցվածքների շահագործման ձախողումները կարող են հումանիտար ճգնաժամ հրահրել»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Նա նաև կոչ է արել հնարավորինս արագ վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը՝ նշելով, որ դրան հասնելու ճանապարհն անցնում է բանակցություններով։
Մեկնաբանելով, թե արդյոք ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Երևանն ու Բաքուն մինչև տարեվերջ խաղաղ համաձայնագիր կստորագրեն, պետքարտուղարության խոսնակի տեղակալը խուսափել է խոսել ժամկետների մասին։
«Սա մի հարց է, որով, ինչպես գիտեք, պետքարտուղարը շատ հետաքրքրված է և արժանանում է շատ մեծ ուշադրության նաև Պետդեպարտամենտի այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս հարցում մենք կշարունակենք խորապես ներգրավված լինել և հասնել վերջնագծին»,- ասել է Պատելը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել էր Արցախի գազամատակարարումը։ Այն վերականգնվել է դեկտեմբերի 16-ին։