ԱՄՆ Կոնգրեսի մի խումբ անդամներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով վճռական գործողություններ ձեռնարկել Վաշինգտոնի կողմից՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման, հայտնում է Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Նամակում, որն այսօր ուղարկվել է Սպիտակ տուն, նշվում է, որ շրջափակումը Ադրբեջանի ռազմատենչության միայն վերջին օրինակն է։ Ընդգծվում է, որ եթե ստեղծված իրավիճակը պահպանվի, անխուսափելի է հումանիտար ճգնաժամ՝ պոտենցիալ ողբերգական հետևանքներով։
Նամակի հեղինակները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին «օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքներն Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար՝ այժմ և ապագայում, ներառյալ՝ Ադրբեջանին ֆինանսական աջակցության դադարեցումը և պատժամիջոցների սահմանումը»։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի ագրեսիան և ահաբեկումը շարունակվի», – ասվում է նամակում:
Փաստաթուղթը ստորագրել են ԱՄՆ Կոնգրեսի ընդհանուր առմամբ 29 անդամներ, որոնք ներկայացնում են ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունները: Նամակի ուղղությունը նախաձեռնել է կոնգրեսական Ադամ Շիֆը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: