Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել մեկ պացիենտ, որն ուներ անհետաձգելի բուժօգնության կարիք։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Նա նշեց, որ այս պահին դեռ միայն այդ հիվանդի հետ կապված օգնություն է կազմակերպվել, սակայն իրենք ամենօրյա կապի մեջ են տեղի կառույցների հետ։
«Տեղում ունենք նաև ԿԽՄԿ գրասենյակ, այսինքն այդ շփումը տեղի է ունենում անմիջականորեն տեղում, ինչի առնչությամբ կարող ենք շարունակաբար առաջարկել մեր դերը՝ որպես միջնորդի»,- ասաց Ամատունին՝ նշելով, որ տեղի կառույցների հետ համակարգված են գործում։
Տեղյակ լինելով 4-ամսական երեխայի՝ անհետաձգելի բուժօգնության կարիք ունենալու մասին, Armenia Today-ը փորձեց ԱՆ-ից պարզել, թե արդյո՞ք տեղափոխված հիվանդը նա է։
ԱՆ մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնեց, որ հիվանդը Արցախից սրտային պաթոլոգիայով է տեղափոխվել, դա նշված երեխան չէ։
«Պացիենտին նախ Արցախից տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Վերջինիս առողջական վիճակը գնահատելուց հետո առողջապահության նախարարության ռեանիմոբիլով տեղափոխում են Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոն»,- ասաց նա՝ նշելով, որ մանկահասակ և բուժօգնության կարիք ունեցող մյուս բոլոր հիվանդները ԱՆ ուշադրության ներքո են։
Նշենք, որ Արցախի «Արևիկ» բուժմիավորման վերակենդանացման բաժանմունքում գտնվող 4 ամսական երեխան գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Այս մասին տեղեկացրել էր բուժմիավորման գործադիր տնօրեն Կարեն Մելքումյանը՝ ընդգծելով, որ 2 օր առաջ երեխային Երևան տեղափոխելու անհրաժեշտություն է առաջացել, սակայն քանի որ ադրբեջանցիները փակել են Լաչինի միջանցքը, երեխային հնարավոր չի եղել տեղափոխել։
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբից տեղեկացանք, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սրտային պաթոլոգիայով հիվանդը տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոն: 1960 թվականին ծնված տղամարդը հրատապ վիրահատության կարիք ունի: