Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարունակել է հանդիպումների շարքը շրջաններում: Այսօր նրանք հանդիպում են ունեցել Ասկերան քաղաքում: Այս մասին հայտնում են Արցախի կառավարության մամուլի ծառայությունից։
Պետանախարարն ու խմբակցությունների ղեկավարները լսել են ասկերանցիներին մտահոգող խնդիրները, պատասխանել նրանց հարցերին, որոնք վերաբերել են Արցախի անվտանգությանը, ադրբեջանական շրջափակման պայմաններում իրենց կենսակերպը կազմակերպելուն, միասնականության ու համախմբման, ինչպես նաև ստեղծված իրավիճակում արդարության ու թափանցիկության սկզբունքների կարևորությանը:
Պետնախարարը նշել է, որ արդարությունն ու թափանցիկությունը հենց այն սկզբունքներն են, որոնցով առաջնորդվում է կառավարությունը: «Մենք խաղի կանոններ ենք սահմանել, որոնք նույնն են բոլորի համար՝ անկախ նրանից պաշտոնյա՞ են, ունևո՞ր են, կռվե՞լ են հայրենիքի համար, թե՞ սովորական քաղաքացիներ են: Նրանք, ովքեր հայրենիքին ծառայություններ են մատուցել, իհարկե, պետք է հարգանքի արժանանան: Բայց օրենքը գործում է բոլորի համար: Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ իսկապես զգան, որ բոլորս միասին ենք և բոլորս պետք է հավասար պայմաններում լինենք»,-ընդգծել է պետնախարարը:
Հարց է հնչել նաև մայր Հայաստանի կողմից Արցախի ճակատագրի նկատմամբ ոչ բավարար ուշադրության ու անտարբերության վերաբերյալ: Հանդիպման մասնակիցները հետաքրքրվել են նաև իրավիճակից դուրս գալու ուղղությամբ ձեռնարկվող քայլերով:
Ռուբեն Վարդանյանը անտարբերությունը համարել է ամենավտանգավոր երևույթը, իսկ Արցախը հայկական պահելը՝ ողջ հայ ժողովրդի արժանապատվության հարցը. «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը լինի անկախ, հայկական, և մենք ունենանք անվտանգ ապագա։ Այն, ինչ հնարավոր է անել այդ նպատակին հասնելու համար՝ անելու ենք։ Եկեք հասկանանք, որ մեր միակ նպատակն Արցախը պաշտպանելն է, այս իրավիճակից դուրս գալու ելքեր ստեղծելը։ Դրա համար մենք աշխատում ենք և՛ ՄԱԿ-ի, և՛ Ֆրանսիայի, և՛ Միացյալ Նահանգների, և՛ Ռուսաստանի հետ։ Մեր ամենակարևոր նպատակին հասնելու՝ Արցախը պահպանելու ու զարգացնելու համար պետք է օգտագործենք բոլոր միջոցներն ու գործիքները»:
Հանդիպման մասնակից ասկերանցիները նույնպես վստահեցրել են, որ իրենք միասնական են և պատրաստ են առանց խուճապի, առանց դժվարությունների առջև ընկրկելու պայքարել հանուն Արցախում ապրելու իրենց կենսական իրավունքի: Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել համազգային հանրահավաքի անցկացման գաղափարին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը: