Լաչինի միջանցքի հիմնական պատասխանատուն Ռուսաստանի Դաշնությունն է: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ գործողություններ է իրականացրել իշխանությունը Լաչինի միջանցքի հարցը լուծելու համար, եթե չի հրաժարվել Արցախի ժողովրդի երաշխավորը լինելուց:
ԱԽ քարտուղարը նշեց, որ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ՌԴ-ն է ստանձնել այդ պատասխանատվությունը: Արծվիկ Մինասյանը վերոնշյալ հարցը հնչեցրեց Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին նախագծի քննարկման շրջանակներում:
Նա հարցրեց, թե, մասնավորապես, արտաքին հետախուզական ծառայությունն ինչպե՞ս է նպաստելու կառավարության մատնանշած այն խնդիրների լուծմանը, որոնք կապված են 44-օրյա պատերազմից հետո առաջացած խնդիրների հետ և որոնք առնչվում են Արցախին:
«Արտաքին հետախուզության ծառայության հիմնական նպատակներից մեկն այն է, որ ծառայությունը կարողանա Հայաստանի անվտանգության վերաբերյալ տեղեկատվություն գտնել: Նույնիսկ այնպիսի ինֆորմացիա, որը հրապարակային չէ: Այդ ինֆորմացիաների հիման վրա անվտագության միջավայրի վերաբերյալ վերլուծություն է կատարվելու, որպեսզի տեղեկատվությունը տրամադրվի վարչապետին: Այդ ինֆորմացիան վերաբերելու է նաև Հայաստանի անվտանգության միջավայրին, ուր Արցախը ևս կարևոր դերակատարում ունի»,- հավելեց ԱԽ քարտուղարը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
Մանրամասերը՝ տեսանյութում: