Գնդակը ռուս խաղաղապահների դաշտում է: Անդրադառնալով Լաչինի միջանցքի փակմանը, դրանից բխող ճգնաժամի լուծման հնարավորություններին՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը:
«ՀՀ-ն պահանջատեր է, իր պահանջն է ներկայացնում ռուս խաղաղապահներին, որպեսզի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները կատարվեն: ՀՀ-ն դիվանագիտական, բանակցությունների ճանապարհով փորձում է հարցը լուծել: Այս պահի դրությամբ, կարծում եմ, չկան այլ մեխանիզմներ, որոնք կարող են կիրառվել ՀՀ-ի կողմից: Լաչինի միջանցքը պետք է բացվի առանց նապապայմանների»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։
Մանրամասները՝ տեսանյութում: