Արցախի արտաքին գործերի նախարարությունը կրկին դիմում է միջազգային հանրությանը՝ Արցախի ապաշրջափակման համար համարժեք գործիքակազմ կիրառելու խնդրանքով։ Այս մասին ասված է ԱՀ ԱԳՆ հայտարարության մեջ:
«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ ապօրինաբար շրջափակելով Արցախը և արհեստականորեն ստեղծելով ծանր հումանիտար պայմաններ Արցախի 120 հազարանոց բնակչության համար։ Շրջափակման պատճառով խախտվում են Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Մարդիկ զրկված են ազատ տեղաշարժի, պատշաճ բուժօգնություն ստանալու իրավունքից և կենսական նշանակության ապրանքների մատակարարումից»-ընգծել են ԱԳՆ-ում՝ շեշտելով, որ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ վարվող հայատյաց քաղաքականության տրամաբանական շարունակությունն է։
«Արցախի արտաքին գերատեսչությունը շրջափակման օրվանից առ այսօր բազմաթիվ նամակ-դիմումներ է հղել տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների՝ հավաստի տեղեկատվություն տրամադրելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ և հայցելով համապատասխան աջակցություն՝ Արցախի ապաշրջափակման համար։ Ադրբեջանի քաղաքականությունը մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և անվերապահորեն պետք է արժանանա կոշտ արձագանքի»-նշված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։