Human Rights Watch-ը Բաքվին և ռուս խաղաղապահներին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։
Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի երկարաժամկետ փակումը կարող է հանգեցնել հումանիտար ծանր հետևանքների:
«Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն ազատ տեղաշարժը և մարդկանց հասանելիությունը հիմնական ապրանքներին և ծառայություններին։ Որքան երկար տևի հիմնական ապրանքների և ծառայությունների մատակարարման խափանումը, այնքան ավելի մեծ է վտանգը խաղաղ բնակիչների համար»,- հավելել է նա:
Կազմակերպությունը հիշեցրել է, որ դեկտեմբերի 12-ի առավոտից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ ցույցեր են անցկացնում Լաչինի ճանապարհին՝ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքներում հանքարդյունաբերության վայրեր մուտք գործելու պահանջով: Նրանք պնդում են, որ իշխանություններն ապօրինի կերպով շահագործում են ոսկու և պղնձամոլիբդենային հանքաքարերի հանքավայրերը և օգտագործում են Լաչինի ճանապարհը՝ այդ հանքանյութերը Հայաստան տեղափոխելու համար։
Ցուցարարները վրաններ են տեղադրել ճանապարհի երկայնքով և շարունակում են իրենց գործողությունները շուրջօրյա։ Նախորդ շաբաթ նրանք այլ պահանջներ են ներկայացրել, այդ թվում՝ Լաչինի միջանցքի երկայնքով ադրբեջանական պաշտոնական մաքսակետեր ստեղծելու կոչեր են արել։
Ռուս խաղաղապահ ուժերը, որոնք 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտից հետո հսկում են ճանապարհը, նույնպես պատնեշել են ճանապարհը՝ կանխելու իրավիճակի հետագա սրումը, եթե հավաքվածները շարժվեն հանքավայրերի ուղղությամբ։ Ադրբեջանը հերքում է ճանապարհի փակման պատասխանատվությունը։
Կազմակերպությունը նշել է, որ անկախ նրանից, թե ադրբեջանցի ցուցարարներն իրական մտահոգություններ ունեն շրջակա միջավայրի կամ այլ դժգոհությունների հետ կապված, Ադրբեջանը պետք է նպաստի խաղաղ բողոքի իրավունքի իրացմանը՝ ցուցարարների հետ փոխգործակցելով այնպես, որ ճանապարհը բաց մնա և բողոքի ակցիան Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չզրկի հիմնական ծառայություններից և ապրանքներից օգտվելու իրավունքից, ինչպես նաև ազատ տեղաշարժից:
Կազմակերպությունը հայտարարել է նաև, որ «նրանք, ովքեր վերահսկում են ճանապարհը և հարակից տարածքը, այսինքն՝ Ադրբեջանի իշխանություններն ու ռուսական խաղաղապահ ուժերը, պետք է ապահովեն մարդասիրական բեռներով մեքենաների անցումը և չխանգարեն ազատ տեղաշարժին»։
Մինչ ճանապարհը փակ է մնում հանրության և բեռնափոխադրումների համար, ռուս խաղաղապահների մի քանի բեռնատարների, որոնք ենթադրաբար հումանիտար պաշարներ են պարունակում, թույլ են տվել անցնել, ըստ որոշ լրատվամիջոցների, թեև պարզ չէ, թե ում համար է նախատեսված ապրանքը։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Human Rights Watch-ին ասել է, որ ապրանքը նախատեսված չէ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Այս ընթացքում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Երևան է տեղափոխվել մեկ ծանր հիվանդ։