Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Facebook-յան իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտնել է, որ դադարեցնում է ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության դիմաց սկսած նստացույցը և ներկայացրել է մի շարք հարցերի պատասխանները։
«Մենք մեր նվազագույն նպատակներին կարողացել ենք հասնել, որոշակի համախմբում է տեղի ունեցել, բանականաբար, ոչ միայն մեր կողմից, այլև տարբեր անձանց, խմբերի կողմից՝ տարբեր ձևաչափերով»,-նշել է Բեգլարյանը։
Ըստ նրա՝ հաջորդ արդյունքն այն է, որ տեղեկատվական դաշտում այս հիմնահարցը եղել է առաջնային դիրքերում, ինչպես նաև տարբեր քննարկումների արդյունքում նոր գաղափարներ, մտքեր են առաջացել։ «Այլ արդյունք կհամարեի նաև ՄԱԿ-ի գրասենյակում, դեսպանատներում այս խնդրի շուրջ լրացուցիչ ուշադրության գրավումը»,-նշեց նա՝ հավելելով, որ ցանկալի կլիներ ավելի մեծ արդյունքներ, ավելի մեծ արձագանքներ։
Բեգլարյանը կարևորեց նաև ՄԱԿ ԱԽ-ի կողմից Արցախին առնչվող բանաձևի ընդունումը։
Անդրադառնալով ՌԴ-ին ուղղված քննադատություններին՝ Բեգլարյանը նշեց, որ չնայած խնդրի՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում լինելուն՝ ՌԴ-ն նաև միջազգային հանրության անդամ է։ «Եթե միայն ՌԴ-ի դեսպանատան առջև բողոքի ակցիա անեինք, կնշանակեր, որ միայն ՌԴ-ին ենք համարում պատասխանատու, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք ՄԱԿ-ի ներկայացուցչությունը՝ որպես հիմնական կոլեկտիվ դերակատար։ Հայաստանի կառավարության մասով ընդգծում եմ, որ ՀՀ-ն գլխավոր պատասխատուներից է, հետո նոր մնացած երկրները։ Բայց սա միայն Կառավարության պատասխանտվության հարց չէ։ Բացի դրանից ես պարտավորված եմ Արցախի կառավարության անունից հանդես գալ։ Կարծում եմ նմանատիպ ակցիաների իրականացումը պաշտոնական էթիկայի խախտում կլիներ»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ քննադատությունները միակողմանի և թունոտ են։
Առկա իրավիճակի հետ կապված Բեգլարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից ունենք անընդհատ խստացվող պահանջներ, կան նաև միջազգային լրացուցիչ ճնշումները, ՄԻԵԴ-ում սկսված գործընթաց և հայության ոչ պատշաճ մակարդակի ուշադրություն։
«Մենք որոշել ենք դադարեցնել նստացույցը, ասուհետ ամեն օր երեկոյան ժամը 7-ին կհավաքվենք այստեղ՝ շարունակելու քննարկումները»,-նշեց նա՝ կոչ անելով շարունակել պայքարը բոլոր հնարավոր ձևերով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին: