Այսօր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության միջնորդությամբ Արցախից խրոնիկ հիվանդություն ունեցող 4 օտարերկրյա քաղաքացի է դուրս բերվել, նաև 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Չորս քաղաքացիներն ունեն խրոնիկ հիվանդություններ, որոնք պետք է անհապաղ շարունակեն բուժումը: Իրենց տեղափոխումը Հայաստան կազմակերպել ենք իրենց երկրի ներկայացուցիչների դիմումի հիման վրա»,-նշեց Զառա Ամատունին:
Վերջինս հայտնեց նաև, որ այսօր ԿԽՄԿ բեռնատար մեքենանաներով 10 տոննա մարդասիրական աջակցություն է տեղափոխվել Արցախ:
«Իշխանությունների համաձայնությամբ տեղափոխվել է դեղորայք, մանկական սնունդ, սննդային այլ պարագաներ, որոնք փոխանցվել են Լեռնային Ղարաբաղի բուժհաստատություններին»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։