Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Facebook-յան իր էջում հայտնել է, որ արցախցի երիտասարդներն այսօր ինքնաբուխ հավաք են անցկացրել Հանրապետության հրապխարակում։ Նա իր դժգոհությունն է հայտնել առ այն, որ Երևանի քաղաքապետարանն այս օրերին տոնական երաժշտություն է միացնում, որին, ըստ նրա, պետք է նաև ուղեկցեն արցախյան թեմատիկայով երգերը։
«Այսօր, Ստեփանակերտի հանրահավաքին զուգահեռ, Երևանում արցախցի երիտասարդների կողմից ինքնաբուխ հավաք կազմակերպվեց, որի շրջանակներում մասնակիցները Ազատության հրապարակից երթով գնացին Հանրապետության հրապարակ. կեսից մենք էլ միացանք երթին:
ՀՀ կառավարության առջև ներկայացվեցին հիմնական պահանջներն ու կոչերը: Այդ ընթացքում հրապարակում հնչում էին տոնական երգեր, այնինչ դրա փոխարեն Երևանի քաղաքապետարանը պետք է այս օրերին հնչեցնի նաև արցախյան թեմատիկայով երգեր՝ ի զորակցություն Արցախի ժողովրդի: Ամանոր տոնելը կարևոր է, բայց պակաս կարևոր չէ ազգային հրատապ հիմնախնդիրների հանդեպ պետական ու հանրային մշտական ուշադրության ցուցաբերումը, այլապես մեկ օր չենք կարողանալու տոնել նույնիսկ Ամանորը:
Հ.Գ. Վաղը (ամսի 26-ին) ժամը 19:00-ին պլանավորվում է Արցախի զորակցության ու իրազեկման հավաք ու երթ Երևանի Ազնավուրի հրապարակում («Մոսկվա» կինոթատրոնի դիմաց). համեցե՛ք ու տարածե՛ք»,-հայտնել է Բեգլարյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին նաև փակել է Արցախի գազամատակարարումը։
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
Նշենք նաև, որ Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը շարունակաբար իրագործում է «Լեռնային Ղարաբաղն առանց հայերի» քաղաքականություն և հայկական կողմն ամեն ինչ պետք է անենք, որ այս քաղաքականությունը պատշաճ միջազգային գնահատականի արժանանա:
Դեկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Արցախի պետնախարարը հայտնեց, որ վերականգնվել է Արցախի գազամատակարարումը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ: