Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ դեկտեմբերի 25-ին 10 տոննա հումանիտար բեռ՝ դեղորայք, մանկական կեր, բուժօգնության համար նախատեսված պարագաներ, հասցվել է Արցախ։ Դեղորայքը բաշխվելու է հանրապետության բուժհաստատություններին՝ բավարարելով 10 օրվա պահանջարկը։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Արցախի առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում Կարմի Խաչի միջազգային կոմիտեի կողմից ցուցաբերվող աջակցությունն ու արդյունավետ համագործակցությունը»,- ասված է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: