ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։
«Այս պահին գլխավոր, ամենահրատապ խնդիրը ճգնաժամն է, որ ունենք Լաչինի միջանցքում։ Գիտեք, Լաչինի միջանցքը գրեթե 20 օր արգելափակված է։ Սա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է»,- ասել է Փաշինյանը։
Նա հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է երաշխավորի Լաչինի միջանցքով ուղևորների, բեռների, մարդկանց անխափան անցումը։
«Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ։ Իհարկե, ես կցանկանայի քննարկել այս իրավիճակը, թե ինչ տարբերակներ կան»,- ասել է Փաշինյանը։
Պուտինն, իր հերթին, նշել է, որ Հարավային Կովկասում տիրող իրավիճակի նախօրեին կողմերին հաջողվել է խոսել «երեքով» [Ալիևի հետ]։ Նա ընդգծել է, որ իրենք մանրամասն կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորումը, հայ-ադրբեջանական հարաբերությունները և «այն ամենը, ինչ կապված է Ղարաբաղի հետ»։
Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև տնտեսական խնդիրներին՝ նշելով, որ 2022 թվականի 10 ամիսների ընթացքում երկրների միջև առևտուրն աճել է 73 տոկոսով։
«Բոլորովին վերջերս մենք միջկառավարական հանձնաժողովի նիստ ունեցանք, և գործընկերները հայտարարեցին, որ մեր տնտեսության վիճակը շատ դրական է զարգանում. այս տարվա տասը ամիսների ընթացքում ապրանքաշրջանառության ծավալն աճել է 73 տոկոսով։ Սա լավ արդյունք է»,- ասել է ՌԴ ղեկավարը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: