Հայաստանի և Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների հաստատությունները հրապարակել են Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույց՝ նոր թարմացված տվյալներով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:
Զեկույցում տեղեկություններ են ներկայացվում Լաչինի միջանցքի՝ արդեն 16 օր տևող շրջափակման հետևանքները։
Զեկույցում ամփոփվել է ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծվել են ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որի արդյունքներով հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբեր ամսից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։
«Հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում»,-նշվել է զեկույցում:
Զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը։
Հաստատված պրակտիկայի համաձայն՝ զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կդարձվի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։