Ադրբեջանն առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով՝ չկան հայեր, չկան խնդիրներ։ Այս մասին ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի հայտարարությունում։
«2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը: Չնայած Ադրբեջանի բերած տարատեսակ պատրվակներին՝ վերջինս ռազմավարական նպատակը մեկն է․ հարկադրել Արցախի բնակչությանը լքել իր պատմական հայրենիքը: Ադրբեջանն այս հարցում առաջնորդվում է Արցախն աստիճանաբար Նախիջևանի վերածելու ծրագրով՝ չկան հայեր, չկան խնդիրներ»,- ասված է հայտարարությունում։
Միևնույն ժամանակ, նշվում է, Ադրբեջանն ակնհայտորեն չի բավարարվելու Արցախի հայաթափմամբ:
«2020թ. Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության արած հրապարակային հայտարարությունները հստակորեն վկայում են Հայաստանի՝ ներառյալ մայրաքաղաք Երևանի նկատմամբ առկա տարածքային հավակնությունների մասին: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ոգևորված է աշխարհաքաղաքական վերջին զարգացումներով պայմանավորված Ադրբեջանի նշանակության աճով, այդ թվում՝ ադրբեջանական, և Ադրբեջանի տարածքով թուրքմենական գազի միջազգային շուկաներ արտահանման աճող հնարավորություններով»,- նշում է թանգարան-ինստիտուտը:
Հայտարարության մեջ նշվում է՝ Բաքվում կարծում են, որ աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերը կստիպեն աչք փակել Արցախի հայության նկատմամբ ցեղասպանական գործողությունների իրականացման և Հայաստանի Հանրապետության դեմ նոր ագրեսիայի սանձազերծման վրա:
«Սակայն վերջին ավելի քան հարյուր տարիների փորձը միանշանակ վկայում է մեկ բանի մասին. ցեղասպանություն և ցեղասպանական գործողություններ իրականացնողները կրել են իրենց արժանի պատիժը: Մենք վստահ ենք, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ևս պատասխան կտա հայ ազգի նկատմամբ արդեն իրականացված և ներկայումս ծրագրավորվող ոճրագործությունների համար, իսկ Արցախի հայությունը, չնայած առկա անասելի դժվարություններին, կշարունակի ապրել և արարել իր պատմական հայրենիքում»,- ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: