Տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Հիմնադրամի կողմից Արցախին հումանիտար աջակցության ցուցաբերման հարցը քննարկելու նպատակով։ Այս մասին հայտնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում ԱՄՆ տեղական մարմինը պատրաստակամություն է հայտնել անմիջապես 500 000 ԱՄՆ դոլար տրամադրել՝ Արցախին բնամթերքի տեսքով մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Ռուբեն Վարդանյանը ներկայացրել են Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և արցախահայության հրատապ կարիքները, դրանք հասցեագրելու ուղղությունները։
Նիստի մասնակիցները քննարկել են ստեղծված իրավիճակը, շեշտվել է Արցախին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով համահայկական համախմբան անհրաժեշտությունը: Ներկայացվել են Արցախին հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու հնարավոր ուղիները և եղանակները, ձեռնարկվելիք միջոցառումները։
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ բոլոր կառույցներին առաջարկվել է ակտիվ աշխատանքներ տանել՝ իրենց համայնքների ներուժը Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման ջանքերին ուղղորդելու, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում Արցախի կայուն ու ինքնաբավ զարգացումն ապահովելու նպատակով:
2021-2022թթ. ընթացքում Հիմնադրամն Արցախում արդեն իսկ իրականացրել է ավելի քան 32 միլիարդ դրամի տարբեր մարդասիրական ծրագրեր, որոնք ուղղված են հետպատերազմյան վերականգնողական աշխատանքերին։