Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին.
Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական կողմին, ովքեր աջակցում են արցախցիներին, ինչպես նաև Ֆրանսիայի կառավարությանը։ «Մենք իսկապես բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը: Իրականությունն այն է, որ 120 հազար մարդ ձմռանը չունեն վառելիք, դեղորայք, սնունդ, ճանապարհը փակ է, ունենք բաժանված ընտանիքներ, ունենք մի քանի հարյուր երեխաներ, որոնք մնացել են Հայաստանում առանց ծնողների, Արցախում երեխաներ ունենք՝ մնացած առանց ծնողների։
Մենք ունենք բազմաթիվ ոչ արցախցիներ, ովքեր այցելել են Արցախ, և հիմա նրանք նույնպես արգելափակված են այստեղ։ Իրավիճակը բավականին ծանր է, բայց այստեղ ապրող մարդիկ հավատում են, որ դա մեծ պայքար է հանուն անկախության, և դրա համար էլ նրանք ուժեղ են մնում, ու չնայած բոլոր մարտահրավերներին և բոլոր դժվարություններին՝ մենք համախմբված ենք ու մեզ շատ ուժեղ ենք զգում։ Չնայած բոլոր ճնշումներին, որ փորձում է մեզ վրա գործադրել Ադրբեջանը՝ մենք դիմակայում ենք և դառնում ենք ավելի ուժեղ այս շրջափակման պայմաններում»,-նշել է նա։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի գործողություններին՝ Վարդանյանը նշել է, որ սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է, և իրականում բնապահպանական շարժում չէ։
Գիտեք, ես շատ երկրներում հետևել եմ խաղաղապահների աշխատանքին, օրինակ՝ ֆրանսիացիները, որոնք շատ անգամներ ուղարկվել են Աֆրիկա, և մենք բոլորս գիտենք, որ դա սովորաբար ենթադրում է սահմանափակ թվով զինվորներ, սահմանափակ մանդատ և զենք գործածելու սահմանափակ իրավունքներ։ Ուստի մի կողմից հասկանալի է ժողովրդի հիասթափությունը, բայց միևնույն ժամանակ մենք պետք է գիտակցենք, որ առանց ավելի լայն մանդատի, առանց ավելի մեծ թվով զինվորներ, առանց իրենց տանն ապրող և 35 տարի իրենց անկախության համար պայքարող հայերին պաշտպանելու ավելի հստակ իրավունքների ապագա չի լինի։ Ուստի կարծում եմ, որ շրջափակումը ցույց տվեց, որ թե որտեղից պետք է ավելի մեծ և ուժեղ մանդատ ստանալ՝ նաև ՄԱԿ-ից»,-հայտարարել է նա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: