Քաղաքակիրթ աշխարհը պետք է ստիպի Ադրբեջանին դադարեցնել մարդկության դեմ ուղղված հանցագործությունը։ Այս մասին Twitter-ում գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Արցախի՝ արդեն ավելի քան երկու շաբաթ շրջափակված լինելու փաստին:
«Անտարբեր մի եղեք, կյանքի ճանապարհը բացելու համար, խնդրում եմ, ավելի բարձր խոսեք»-գրել է նա:
Մեկ այլ գրառմամբ նա անդրադարձել է հումանիտար խնդիրներին:
«Եթե մինչև շրջափակումը Արցախ օրական ներկրվում էր 400 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք, ապա 23 օրվա ընթացքում այդպիսի մատակարարում չկա։ Կարող ենք ասել, որ շուրջ 10 000 տոննա առաջին անհրաժեշտության ապրանք չի մատակարարվել Արցախի ժողովրդի կենսական կարիքների համար»,-գրել է ՄԻՊ-ը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։