Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երկու հիվանդներ՝ «Ուղեղիկի աջ կիսագնդի ծավալային գոյացություն, գլխուղեղի այտուց, օգլուզիոն հիդրոցեֆալիա» և «Աչքի անոթային թաղանթի չարորակ գոյացություն՝ մելանոմա» ախտորոշումներով, օրեր շարունակ գտնվում էին մեր բժիշկների հսկողության տակ։ Այս մասին
հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ երկու հիվանդներն այսօր տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ավելի վաղ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնից Հայաստան էր բերվել սրտի անբավարարությամբ տառապող հիվանդ։ Ավելի ուշ Արցախից Հայաստան է տեղափոխվել ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխա, ԿԽՄԿ-ի աջակցությամբ դեկտեմբերի 28-ին Երևան են
տեղափոխվել ևս երեք ծանր հիվանդներ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: