CNN-ն անդրադարձել է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին, ներկայացրել դրա արգելափակումից հետո Արցախում ստեղծված իրավիճակը:
Հոդվածի համաձայն՝ այսպես կոչված «բնապահպան-ցուցարարները» Լաչինի միջանցքը փակել են Ադրբեջանի կառավարության աջակցությամբ, քանի որ, ըստ ադրբեջանցի քաղաքական վերլուծաբանների, այդ երկրում ցույցերն անօրինական են համարվում, քանի դեռ դրանք չեն արժանանացել կառավարության հավանությանը:
«Տնտեսական և ռազմավարական գործոնների սարդոստայնը Մոսկվան կապել է Թուրքիայի և նրա դաշնակից Ադրբեջանի հետ։ Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու և տնտեսական շատ գործընկերների հետ հարաբերություններում լարվածության պայմաններում Մոսկվայի կախվածությունը Թուրքիայից շատ ավելի է մեծացել՝ առևտրի իրականացման և պատժամիջոցներից խուսափելու համար։
Թուրքիան դարձել է ռուսական նավթի և գազի արտահանման և ռազմավարական տեխնոլոգիաների ներմուծման հիմնական միջնորդը», – գրում է հոդվածագիրը՝ հավելելով, որ քանի որ ռուս-թուրքական կապերն ավելի են ամրապնդվել, Մոսկվան չի ցանկանում հակազդել Ադրբեջանի վարքագծին, ինչի արդյունքում իրավիճակը կարող է հանգեցնել լուրջ և մահացու ելքի։
Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինի կարծիքով՝ ԱՄՆ-ն անզոր չէ այս իրավիճակում և դիվանագիտական և տնտեսական գործիքների միջոցով ուղղակի լծակներ ունի ազդելու Թուրքիայի և Ադրբեջանի վրա։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: