Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկն առանձին շրջաններում, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն, առանձին շրջաններում՝ մառախուղ և ցածր հորիզոնական տեսանելիություն: Այս մասին հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Հունվարի 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-6 մ/վ, հունվարի 7-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-18 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքում հունվարի 8-ին, 9-ի ցերեկը, 10-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն և մառախուղ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-11-ն աստիճանաբար կնվազի 4-6, Լոռում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով։ Այսօր ցերեկն Արցախում սպասվում է +2-ից +6 աստիճան տաքություն, վաղը՝ հունվարի 9-ի գիշերը, սպասվում է -2-ից -4 աստիճան ցուրտ, իսկ ցերեկը՝ -2-ից +3 աստիճան:
Միևնույն ժամանակ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Արցախում ձյուն է տեղում:
Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի, Խաչեն-Ցեխ ձոր հատվածներում, Մարտակերտ-Դրմբոն ավտոճանապարհին և Մարտունու շրջանում ձյան շերտի բարձրությունը 2-3սմ է, իսկ Շուշիի շրջանում` 5-6 սմ։ Միջշրջանային բոլոր ճանապարհահատվածներում կատարվում է ձյան մաքրման, անհրաժեշտության դեպքում` աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ առաջիկա 4 օրերին Արցախի Հանրապետությունում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, ուստի վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։