«Լավ տղերքի» մոդելն անընդունելի է, ես պայքարելու եմ դրա դեմ: Այս մասին այսօր Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն՝ անդրադառնալով Արցախի շրջափակմանն ու դրա հետևանքով ստեղծված ներքին որոշակի խնդիրների:
«Տոնական օրերին բազմիցս փողոցով զբոսնելու հնարավորություն եմ ունեցել, հանդիպել եմ տարբեր արցախցիների հետ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, որ այսքան հանգիստ են ընդունում իրավիճակը: Մարդկանց 90 տոկոսը ճիշտ ու հանգիստ է ընդունում իրավիճակը: Բայց կան որոշ պատմություններ, որոնց մասին առանց անուններ տալու ուզում եմ խոսել: Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում անարդարություն կա, իդեալական երկիր ունենալը դժվար է, բայց ես խոսք եմ տալիս, որ ամեն օր պայքարելու են անընդունելի երևույթների դեմ: Կան իրավիճակներ, որոնք ինձ համար անընդունելի են: Մենք գիտենք, որ մի ունևոր ընտանիք գնացել է հանգստանալու՝ օգտագործելով իր կապերը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Նշելով նաև մի քանի այլ դեպքերի մասին՝ Ռուբեն Վարդանյանը շեշտել է. «Բոլորս մի նավի մեջ ենք: Չեմ ընդունում նաև այն մարդկանց, որոնք այս դժվարությունների ժամանակ փորձում են փող աշխատել ու դրանով հարցեր լուծել: Ես չեմ ընդունում նաև այն խանութների տերերին, որոնք պահում ենք ապրանքները ու տալիս միայն իրենց բարեկամներին, ծանոթներին: Ես չեմ կարծում, որ սա է հաջողված մարդու վարքագիծը: Մենք բլոկադայի մեջ ենք, և հնարավորությունները սեփական անձի համար օգտագործելն անընդունելի է: Վաղը շատ հայտարարություններ, որոշումներ են լինելու, իրավիճակը լուրջ է»:
Նա հայտնել է, որ քննարկվում է հատկապես պարենի բաշխման կանոնների հարցը ու այդ առումով ևս վաղը որոշում է սպասվում:
Անընդունելի համարելով վերոնշյալ դեպքերը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ այդ ապրելակերպը չպետք է ընդունել ու ինքն իր օրինակով է հակառակին ծառայելու:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը:
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ: