Մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր՝ հայտարարել է Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը:
«Այսօր Արցախի շրջափակման 29-րդ օրն է: Շրջափակման հետևանքով Հայաստանում մնացած 270 արցախցի աշակերտ այսօրվանից հաճախելու են Գորիսի համար 1 և Երևանի տարբեր դպրոցներ: Կոպտորեն խախտված են այս երեխաների տարրական իրավունքները: Ամանորն ընտանեկան հրաշքով լի տոն է: Ցավոք, հրաշք չեղավ արցախցի այս երեխաների համար»,- ընդգծել է նա:
Թովմասյանը հարց է ոըղղել՝ նշելով․ միթե փոքրիկ Արցախն ու կիսված ընտանիքների այս երեխաներն իրենցից վտանգ են ներկայացնում հարևան Ադրբեջանի կամ Թուրքիայի համար:
«Արցախի խորհրդարանն իր հայտարարություններով դիմել է բոլոր մարդասիրական կառույցներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, քաղաքակիրթ աշխարհին, սակայն մեր ձայնը մինչև այսօր լսելի չէ: Արցախի ու Արցախի ժողովրդի թեման տեսականորեն շատ է շոշափվում միջազգային հարթակներում: Սակայն մեզ խղճալ ու կարեկցել պետք չէ, մեզ պետք են տեսանելի ու գործուն քայլեր: Մենք հույսի ու հավատի ժողովուրդ ենք: Հուսանք՝ մեր աղոթքներն առ Աստված փրկության դուռ կբացեն»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: