Հայաստանի Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և դադարեցնել նրա անմարդկային քաղաքականությունը։
«Միջազգային իրավասու կառույցների կողմից արդյունավետ քայլերի բացակայության պայմաններում Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումը, էթնիկ զտումների և հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության իրականացումը»,- ասել է նա։ Թովմասյանն ընդգծել է, որ միջազգային հանրության գնահատականն ու արդյունավետ քայլերը կարող են փրկել 120 հազար մարդու կյանք։
«Արձագանքներ և՛ կան, և՛ չկան. այդուհանդերձ ես շարունակելու եմ օպերատիվ կերպով միջազգային հանրությանը տեղեկացնել տարածաշրջանում առկա իրավիճակը, որտեղ մարդու իրավունքները ուղղակիորեն ոտնահարվում են»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը: