Ամերիկյան հեղինակավոր The American Conservative պարբերականը հարցազրույց է հրապարակել Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ: Հայտնի վերլուծաբան Սոհրաբ Ահմարին, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը, գրում է, որ հայերը, լինելով աշխարհի ամենահին քրիստոնյա ժողովուրդը և առաջին ժամանակակից ցեղասպանության զոհերը, վերջին ամիսներին ենթարկվում են ագրեսիվ Ադրբեջանի ավելի ու ավելի սաստկացող ճնշումներին։ Վերլուծաբանն ընդգծում է, որ նավթի և գազի հարստությամբ ոգևորված Բաքվի վարչակարգը շրջափակման մեջ է վերցրել Ղարաբաղը. «Այսպես կոչված Լաչինի միջանցքը՝ Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, փակվել է ադրբեջանցի բնապահպան ցուցարարների կողմից (մի՛ ծիծաղեք), իսկ Ադրբեջանի կառավարությունը սպառնացել է ռմբակոծել օգնություն մատակարարող ինքնաթիռները»:
Հարցին, ինչո՞ւ ռուսական կողմը չի օգնում Լաչինի միջանցքի բացման հարցում, Վարդանյանը նշել է, որ պատճառներից մեկն այն է, որ սովորաբար խաղաղապահների թիվը շատ սահմանափակ է։
«Նրանք իրավունք չունեն օգտագործելու իրենց զենքը։ Բացի այդ, նրանք սովորաբար փորձում են խուսափել բախումներից, իսկ երբ բախում է տեղի ունենում, նրանք որևէ գործողություն ձեռնարկելու համար սահմանափակ հնարավորություն ունեն…. Իսկ հաղթահարել շրջափակումն առանց ուժի, հեշտ չէ»,-նշել է Վարդանյանը։
Հարցին՝ կա՞ արդյոք սովի վտանգ, Արցախի պետնախարարը նշել է, որ կան պահեստարաններ, որոնք երկար տարիներ արցախյան կողմը հավաքել է։
«Բացի այդ, մի՛ մոռացեք, որ Արցախը հարուստ երկիր է։ Մենք ունենք լավ միս և հացահատիկ: Այսինքն՝ հիմնական պարենն ունենք, սով չի սկսվել մեզ մոտ, սակայն ամեն բան չէ, որ ունենք։ Չունենք բանջարեղեն։ Երեխաները նորմալ սնունդ չեն ստանում, թերսնվում են, ինչը վնասակար է նրանց զարգացման համար։ Ինչ վերաբերում է դեղորայքին, Կարմիր Խաչը մեզ ինչ-որ չափով օգնում է, բայց, իհարկե, մենք ունենք խնդիրներ, որոնք շարունակվում են….
Ադրբեջանցի «ակտիվիստները» թույլ են տալիս Կարմիր Խաչին անցնել։ Հիմա ադրբեջանցիները խաղ են խաղում՝ ասելով, թե տեսեք, ճանապարհը բաց է, Կարմիր Խաչն անցնում է։ Սակայն մյուսների դեպքում նրանք ստուգում են անձնագրերը և հարցնում են․ «Ինչո՞ւ եք գնում։ Ո՞ւր եք գնում»։ Մինչդեռ, ըստ միջազգային պայմանավորվածության՝ ճանապարհը պետք է լինի բաց և ազատ։ Սա անընդունելի է մեզ համար:
Վարդանյանը նշել է, որ այս իրավիճակը շարունակվում է արդեն 35 տարի: «1988 թվականին, երբ Խորհրդային Միության կազմում գտնվող Ղարաբաղում հայերը պահանջում էին անկախություն Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունից, նրանք [ադրբեջանցները] պատերազմ սկսեցին ու պարտվեցին առաջին պատերազմում։ Բայց նպատակը եղել է հայերի էթնիկ զտումներ իրականացնել այս ամբողջ տարածքում, որտեղ մենք ապրում ենք հազարավոր տարիներ։ Կան հինավուրց վանքեր, որոնք վկայում են այստեղ մեր ներկայության մասին, գյուղեր, որտեղ մարդիկ ապրել են տասնյակ սերունդներով: Բայց նրանք ուզում են այդ տարածքը մաքրել ադրբեջանցի ժողովրդի համար։
Դեկտեմբերի 25-ին մեծ հանրահավաք ունեցանք, 50 000-ից ավելի մարդ էր հավաքվել։ Միասնական որոշում կայացվեց․ չնայած բոլոր դժվարություններին ու մեզ համար ստեղծված բոլոր վտանգներին՝ սա մեր հայրենիքն է։ Կմեռնենք, բայց մեր հայրենիքում կմնանք։ Ադրբեջանը կանգնած է բարդ ընտրության առաջ. նրանք պետք է սպանեն 120 000 մարդու, այդ թվում՝ 30 000 երեխաների: Ադրբեջանը շատ թանկ է վճարելու այս ամենի համար, ոչ միայն սեփական զինվորների կյանքով, այլ նաև նրա համար, որ աշխարհը չի ընդունելու այսպիսի արարքը։
Ինչևէ, մենք մեր որոշումն արդեն կայացրել ենք․ մենք մեր տներից չենք հեռանալու»,-հայտարարել է Վարդանյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործում է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Դեկտեմբերի 14-ից սկսած բողոքի ակցիաներ են սկսվել ՀՀ-ում տարբեր կառույցների ներկայացուցչությունների և դեսպանությունների մոտ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել է իրավիճակը Լաչինի միջանցքում։ Նիստի ընթացքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հայտարարել են միջանցքով երթևեկությունը վերականգնելու անհրաժեշտության մասին:
Դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, բազմահազարանոց համաժողովրդական հանրահավաք տեղի ունեցավ:
Արցախի կառավարությունը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է հանքի շահագործումը. որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: